Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

ՆԵՄՐՈՒԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

1907 - 1988

1930 - 1980 թվականներ

Լուսանկարիչների Բաղդասարյան տոհմի առաջնեկը և առավել նշանավոր ներկայացուցիչը` Նեմրութ Բաղդասարյանը, խորհրդահայ զանգվածային մշակույթում առաջիններից է հանձն առել պրոֆեսիոնալ ֆոտոլրագրողի դերը։ Այս բնագավառում նրա ներդրումն ահռելի է ոչ միայն իր լուսանկարների տարածվածության և մասնագիտական ձիրքերի բարձր մակարդակի պատճառով։ Տարիների ընթացքում Նեմրութը կրթել և ուղղորդել է ֆոտոլրագրողների և վավերագրող լուսանկարիչների մի քանի սերունդ, որոնց մեջ էին նաև իր որդիներ Հերբերտն ու Մելիքը։

Բաղդասարյանը ծնվել է Վանում, նկարիչ Հովհաննես Բաղդասարյանի ընտանիքում։ 1915-ին ականատես է եղել Հայոց Ցեղասպանությանը, սակայն ընտանիքի հետ միասին նրան հաջողվել է փրկվել և հաստատվել Երևանում։ Այդտեղ, դեռ պատանի հասակում տեսնելով փողոցային մի լուսանկարչի աշխատանքի պահին որոշում է փորձել այդ գործով զբաղվել գումար վաստակելու նպատակով։ 1920-ականների սկզբում նորակառույց հանրապետությունում պրոֆեսիոնալ լուսանկարիչների մեծ պակաս կար իսկ տեղական թերթերն ու պարբերականները` սոցիալիստական կյանքը պրոպագանդելու և լուսաբանելու համար խիստ կարիք ունեին լուսանկարչական պատկերների։ 1925-29 թվականներին Նեմրութը ընդունվում է Հայաստանի Արհմիությունների տուն որպես լուսանկարիչ և 1927-ից սկսում է տպագրել իր լուսանկարները մամուլում։ 1929-ից դառնում է հաստիքային լուսանկարիչ «Պիոներ Կանչ» թերթում ուր մնում է մինչև 1940 թվականը։ (1)

1920-30-ականների իր աշխատանքներում Նեմրութը ցուցաբերում է որոշակի փորձարարական ձիրք։ Նրա պատկերները ակնհայտորեն ազդված էին ռուսական ավանգարդային լուսանկարչության վարպետների` Ռոդչենկոյի,  Շայխետի և Կլյուտիսի գործերից։ Նախընտրելով սպորտային, տոնական և հատկապես շինարարության մոտիվները, Նեմրութը ստեղծում էր նատուրալիստական և դինամիկ պատկերներ որոնք աղերսներ ունեին կոնստրուկտիվիզմի գաղափարների հետ։ Ցավոք այդ գործերի հեղինակային տպածոների մեծ մասը այսօր գոյություն չունեն և մեզ հայտնի են միայն թերթերում տպագրված աղոտ և փոքր չափսերի վերատպությունների տեսքով։

1940-1958 թվականներին Բաղդասարյանը թղթակցել է «Խորհրդային Հայաստան» ամսագրին և «Կոմունիստ» թերթին։ Այդ պարբերականները հայկական պաշտոնական լուսանկարչության գլխավոր օրգաններն էին և դրանց միջոցով տեղական լուսանկարչությունում հաստատվում և հիմնավոր տարածում է գտնում սոց-ռեալիզմի ոճական ձևաչափերը։ Հայաստանում աշխատող գրեթե բոլոր մյուս ֆոտոլրագրողների պես Նեմրութը նույնպես անցել է կատարելապես բեմականցված և պատումային այդ ոճին որի գլխավոր նպատակն էր գովաբանել ԽՍՀՄ-ի տնտեսական և սոցիալական առաջընթացն ու մշակույթը ըստ պաշտոնական կարգախոսի։ Ռեպորտաժային ստանդարտ պատկերներից զատ, այդ տարիներին լուսանկարիչը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում պատմական և ժամանակակից ճարտարապետական կառույցների լուսանկարչությանը, ինչպես նաև մշակույթի գործիչների դիմանկարների շարքի ստեղծմանը։ Նման սյուժեներում արդեն իսկ շոշափելի է Բաղդասարյանի հակումը դեպի ազգայնական պատկերապատումը, որը լուսանկարիչը զարգացնելու էր 1950-ականների վերջին և 1960-ականների ընթացքում` Խրուշչովյան «Ձնհալի» տարիներին։

Մեկնաբանելով լուսանկարչի 1960-ականների գործնեությունը Ռ. Անանիկյանը նշում է որ «Աշխատանքի և քաղաքային պեյզաժի թեմաները հիմնական լեյտմոտիվներն են Նեմրութի ստեղծագործությունում»։ (2) Խորանալով հենց այդ թեմաներում, Նեմրութին հաջողվում է խտացնել ռեպորտաժային կադրը բերելով այն խորհրդանշանի և իկոնոգրաֆիայի մակարդակի։ Այդ փնտրտուքների արդյունքում է ծնվել Նեմրութի` Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսությունը զարգացնելու համար նոր ոռոգման համակարգի կառուցմանը նվիրված «Մարմնականացված երազանքը» շարքը (1960թթ.)։ Ըստ հեղինակի, բնությունը փոխակերպելու և հաղթահարելու այդ ահռելի ինժիներական ու շինարարական նախագծի «գծային և շարադրողական պատումը, առանձին փաստերի խստաբարո վավերագրումը, հնարավորություն չէին տալիս բացահայտել թեման ամբողջությամբ»։ (3) Այդ իսկ պատճառով նա որոշում է զանցել «շիտակ» վավերագրության կանոնները, ստեղծելով «կադր-խորհրդանշանների շարք, ուր միաձուլված կլինեին երկու սկիզբ` հրապարախոսականն ու բանաստեղծականը, ընդհանրականը»։ (4)

Նեմրութի այս ռեպորտաժային շարքը կարելի է համարել առաջին լայնածավալ ֆոտո-պատումներից մեկը խորհրդահայ լուսանկարչության պատմության մեջ։ Այստեղ լուսանկարչությանը հնարավորություն էր տրվում դառնալ ոչ թե տեքստին օժանդակ նկարազարդում, այլ պատմողական ինքնուրույն, տեսողական միջոց։ Հրատարակվելով խորհրդահայ բազմաթիվ պարբերականներում, ինչպես նաև «Советское Фото» ամսագրում, «Մարմնականացված երազանքը» խթանում է խորհրդահայ վավերագրական լուսանկարչության այլաբանական և նեո-ռոմանտիկ ուղղվածությունը 1970-ականներին։

Ընդհանուր առմամբ, Նեմրութի այդ ուշ շրջանի աշխատանքները շոշափում են «ազգային» լուսանկարչության հարցը, փորձելով դրան որոշակի լուծում տալ ֆորմալիստական և բովանդակային առումով։ Ապավինվելով իր վաղ շրջանի «ավանգարդիստական» լուսանկարչության փորձին, ինչպես նաև տեղական գեղանկարչության ավանդույթներին ու ազգագրական ճանաչողականություն ունեցող պատկերանշանների գործածմանը, Նեմրութի լուսանկարները ձգտում էին ամփոփել, հավերժացնել «հայկականությունը» արդիականության արագ զարգացող ֆոնին։ Պատահական չէ որ այդ լուծումները մեծ հաջողություն են վայելում ոչ միայն հայ հանդիսատեսի մոտ այլև Հայաստանի սահմաններից դուրս, ուր Նեմրութը, ներկայացնելով իր առավել հաջող լուսանկարներից մի քանիսը 1967-ին Մոսկվայում կայացած «Իմ Հայրենիքը» խորագրով ցուցահանդեսում արժանանում է առաջին կարգի դիպլոմի։ (4) Այդ միտումը առաջացնում էր ներքին, թերևս ոչ միտումնավոր հակասություններ հենց լուսանկարչության բուն գործառույթների հետ։ Լուսանկարչական պատկերը դառնում էր ոչ թե իրականության վավերագրում, այլ հեղինակի տեսլականի տեսողական պրոյեկցիան այդ «խմբագրված» իրականության վրա։ Այս խնդրահարույց մոտեցումը բնորոշում է խորհրդահայ վավերագրական լուսանկարչության ուշ արդիական շրջանը ընդհանրապես և հանդիսանում է դրա առավել հետաքրքիր երևույթներից մեկը։

1959֊ին Նեմրութը դառնում է Հայաստանի հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկայի բաժնի հիմնադիր անդամներից մեկը, համագործակցելով նաև Համամիութենական ТАСС լրատվական գործակալությանը ընդհուպ մինչև գործնեության վերջին տարիները։ Իր ահռելի մասնագիտական փորձը նա նաև փոխանցում էր կրթության միջոցով, լուսանկարչության դասեր վարելով Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և տարբեր ֆոտոխմբակներում։ Նեմրութի շուրջ յոթ տասնամյակ տևող կարիերան գնահատվել է պետական մակարդակով և նա այն քիչ խորհրդահայ լուսանկարիչներից է ում շնորհվել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։ (5)

1) Վարդուհի Կզլյան, «Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիրը: Նեմրութ Բաղդասարյան», arvestagir.am, 25.03.2015, http://arvestagir.am/am/hayastanum-fotolragruthyan-himnadireh-nemruth-baghdasaryan/ 

2) Р. Ананикян. 'Отец и сын', Советское фото, հ. 7, 1965, էջ 12 

3) Немрут, 'Воплощенная мечта', Советское фото, հ.3, 1977, էջ 8 

4) Արարատ Բարսեղյան, «Նեմրութ», Գրական թերթ, հունիսի 6, 1975, էջ 4

4) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 108

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Բարսեղյան, Արարատ։ «Նեմրութ», Գրական թերթ, հունիսի 6, 1975, էջ 4

Հարությունյան, Ն. (կազմ.). Սպորտային Հայաստան, ֆոտոալբոմ, Հայպետհրատ, Երևան, 1956

Կզլյան, Վարդուհի։ «Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիրը: Նեմրութ Բաղդասարյան», arvestagir.am, 25.03.2015, http://arvestagir.am/am/hayastanum-fotolragruthyan-himnadireh-nemruth-baghdasaryan/ 

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 108-110

Ананикян, Р. 'Отец и сын', Советское фото, հ. 7, 1965, էջ 12-13

Немрут. 'Воплощенная мечта', Советское фото, հ.3, 1977, էջ 8-9

Ցուցահանդեսներ

1967։ «Իմ Հայրենիքը», համամիութենական ֆոտո-ցուցահանդես, Մոսկվա

Այլ նկարներ այս հեղինակից